ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում հունիսի 20-ին տեղի ունեցող ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել և նախապատրաստվել է 15 նյութ:
Դրանցից 10-ը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ և 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն և տեղամասային կենտրոնում և դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն:
Նշված դեպքերից վերջինի առթիվ հարուցվել է քրգործ, մնացած 14 դեպքով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ մինչև ժամը 13։00-ն ստացվել է 64 հաղորդում և ահազանգ։
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդում բնույթով եղել է վերացական և ընդհանրական: Դրանք ուղարկվել են ոստիկանություն՝ ստուգուղական գործողություններ կատարելու համար: 36 հաղորդում էլ ուղարկվել է հետաքննության և նախաքննության մարմիններ:
Ստացված հաղորդումներն ու ահազանգերը վերաբերել են ընտրողներին կաշառք տալու և ստանալու, տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, մեկից ավելի անգամ քվերակելու, կամ այլ անձի փոխարեն քվեարկելու և այլ դեպքերի:
Այս պահի դրությամբ հարուցված է քրեական 1 գործ:
Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։






