«Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի մի շարք աշխատակիցների ձերբակալություններն ապօրինի են։
«Հունիսի 19-ին ձերբակալվել են «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի մի շարք աշխատակիցներ, այդ թվում` պատգամավորի թեկնածու Գոռ Սեդրակյանը: Ձերբակալման որոշում կայացրած մարմինը գործել է բացարձակապես ապօրինի, իսկ Գոռ Սեդրակյանի պարագայում` ակնհայտորեն կատարել է ՀՀ ՔՕ 309 հոդվածով նախատեսված հանցանք:
Աներկբա է, որ այդ քայլերն ունեն մի նպատակ` խանգարել հոգեվարքի մեջ գտնվող իշխանության ընդդիմադիրների գործունեությունն ընտրության օրը: Բնական է, որ նշված ապօրինությունը բողոքարկվել է օրենքով սահմանված կարգով, սակայն դատական նիստին քննիչները չներկայացան, պատճառաբանելով զբաղված լինելը, թեև այդ քննչական խմբում ներգրավված է 7-8 քննիչ:
Ավելին, նրանք միջնորդել են նիստը հետաձգել մինչև ժամը 23:00` նպատակ ունենալով մինչև քվեարկության ավարտը արհեստականորեն շարունակել արգելանքի տակ պահել շտաբի ներկայացուցիչներին: Նշվածը մեկ անգամ ևս ապացուցում է, որ պարտված իշխանությունը ժողովրդական խոսքով «սկսել է ձեռքը գցել փրփուրներին»,-ասվում է հայտարարության մեջ:
Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ չնայած ճնշումների, դատարանը գտնվել է պատշաճ բարձրության վրա, տալով քննիչներին դատարան ներկայանալու մեկ ժամ ժամանակ:
Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։






