Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, ներկայացնելով հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքը, հայտարարել է, որ տպագրվել է մոտ 70 միլիոն քվեաթերթիկ և բաշխել տարածքային ընտրական հանձնաժողովներին և այնտեղից ուղարկվել տեղամասային ընտրական հանձնաժողովներին։
Սմբատյանը նշել է, որ ԿԸՀ-ն այս ընթացքում աշխատել է 24 ժամ ռեժիմով և փորձել անել ամենը, որ ՀՀ-ում ընտրողները կարողանան ընտրել տեղամասային կենտրոններում և անհրաժեշտ բոլոր միջոցներն ապահովված լինեն, տեղեկացնում է Արմենպրեսը։
Նրա խոսքով՝ ամեն անգամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մեկ նոր նորամուծություն է մտցնում։ ԿԸՀ-ն տպագրել է 600,000 տեղեկատվական թերթիկ այն մասին, թե ինչպես պետք է քվեարկել։
«ԿԸՀ-ն հանդես է եկել մի շարք տեսահոլովակներով ընտրակաշառքի դեմ, քվեարկելու կարևորության մասին»,- հավելել է Սմբատյանը։
Հունիսի 20-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 1998 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական արտահերթ ընտրությունները: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 25 ուժ, որից 4-ը դաշինք է, 21-ը՝ կուսակցություն:
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ազգային ժողովի ընտրություններին ընտրողների ընդհանուր թիվն, ըստ որի ընտրելու իրավունք ունի 2,581,093 քաղաքացի։






