Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ «Իզմիրլյան բժշկական կենտրոնի», «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը 1 ամսով կալանավորվել է։ Մինչ որոշման հրապարակումը Չարչյանը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Չարչյանը մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։
«Ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը»,-ասվում է գրառման մեջ։
Չարչյանի շահերի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասել է, որ որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն, գրում է «Առավոտը»։
«Բողոքարկելու ենք։ Եվս մեկ անգամ ընդգծվեց, որ պարոն Չարչյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Մենք շատ փաստարկներ ենք ներկայացրել դատարանին, որ սա առհասարակ օրինական մեղադրանք չէ»,-ասել է նա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` տեսակցելու Չարչյանին:






