Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել հունիսի 20-ին տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ, որտեղ ասվում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները հեռու էին ազատ և արդար լինելուց և որակապես լուրջ նահանջ էին 2018 թ․ ընտրությունների համեմատ։
Նշվում է նաև, որ չնայած տրված բազմաթիվ խոստումներին և երաշխիքներին, իշխանությունները տապալեցին նաև այս քննությունը՝ արգելակելով ՀՀ ժողովրդավարական զարգացման ճանապարհը։
«Ամփոփելով Հայ ազգային կոնգրեսի՝ հանրապետության բոլոր մարզերն ընդգրկող ընտրական շտաբներից և կուսակցության վստահված անձանցից ստացված տեղեկատվությունը,․․․հրապարակած փաստերը և տեղեկությունները, կարող ենք կատարել հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հետևյալ նախնական արձանագրումները․
1․ Ի խախտումն ՀՀ օրենսդրության պահանջների, իշխանություններն ամբողջ ծավալով օգտագործել են վարչական ռեսուրսը` օգտագործելով նախարարությունների, մարզպետարանների և համայնքային իշխանությունների լծակները։ Այդ որոշումը փաստացի կայացվել է այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, իրեն հռչակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, իսկ իշխող ուժի պատգամավորական խմբակցությունը, տարբեր պատճառաբանություններով, հրաժարվեց կատարել վարչական ռեսուրսի օգտագործման արգելք սահմանող Ընտրական և Քրեական օրենսգրքերի համապատասխան փոփոխությունները։ Հրապարակված փաստերը վկայում են, որ իշխանությունը չխորշեց անգամ բանակի քվեարկության ուղղորդման տխուր ավանդույթից։
2․ Թեև ընդունման համար պատրաստ էին և քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության հետ համաձայնեցված՝ Ընտրական և Քրեական օրենսգրքերի այնպիսի փոփոխությունները, որոնցով պետք է կանխվեր ֆինանսական ռեսուրսների ապօրինի օգտագործումը, իշխանությունները հրաժարվեցին և, ի զարմանս բոլորի, հետաձգեցին դրանց կիրառումը։ Արդյունքում, Հայաստանի ընտրական համակարգի՝ վերջին տասնամյակի ամենախոշոր արատը՝ փողի հակաօրինական ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա, լիովին պահպանվեց: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անվերահսկելիորեն օգտագործեցին օրենքով թույլատրված չափից հսկայական ծավալով ավելի՝ միլիոնավոր դոլարների ֆինանսական միջոցներ, այդ թվում՝ ընտրակաշառքի տեսքով։ Իշխանության, իրավապահ մարմինների և ընտրական հանձնաժողովների գործողություններն այդ ապօրինությունը կանխելու ուղղությամբ ընդամենը կոսմետիկ բնույթ էին կրում։
3․ Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին ընտրարշավի ընթացքում զանգվածային լրատվության միջոցներով հավասար լուսաբանում երաշխավորելու ուղղությամբ։ Ընտրարշավի ժամանակահատվածում մասնակից քաղաքական ուժերի մի փոքր խումբ գտնվում էր ակնհայտորեն արտոնյալ կարգավիճակում։ Առնվազն երեք հեռուստաընկերություններ եթերաժամի հիմնական մասը նվիրել էին «Հայաստան» դաշինքի ընտրարշավին, ևս առնվազն երեքը՝ «Պատիվ ունեմ» դաշինքին, առնվազն երկուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, խիստ անհավասար մրցակցային պայմանների մեջ դնելով մյուս բոլոր քաղաքական ուժերին: Դրանից բացի, իշխող ուժը սոցիալական ցանցերում ներդրել էր հարյուրավոր, այսպես կոչված` «ֆեյքերի» մի ամբողջ բանակ, որի գլխավոր խնդիրը կեղծիքի տարածումն էր, հասարակական կարծիքի մանիպուլյացիան և ապակողմնորոշումը։ Ի հավելումն կատարվածի, Հանրային հեռուստաընկերությունը, օրենքի խախտմամբ, արգելեց մի շարք կուսակցությունների մասնակցությունը հունիսի 18-ի հեռուստատեսային ամփոփիչ բանավեճին։ «Օրենքի պահապան» իշխանությունը նույնիսկ դիմեց լռության օրվա պահանջի կոպիտ խախտման։
4․ Ամբողջ քարոզարշավի ընթացքում և հատկապես քվեարկության օրը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից ողջ ծավալով կիրառության մեջ դրվեց դեռևս նախորդ ռեժիմի օրոք ձևավորված տխրահռչակ «տասովշչիկների ինստիտուտը», մինչդեռ հենց իշխանության առաջնահերթ պարտականությունն էր ընտրությունները զերծ պահել նման ազդեցություններից։ Դրա գլխավոր խնդիրը՝ տարբեր մեխանիզմների գործադրմամբ ընտրողների հավաքագրումն ու ուղղորդումն էր քվեարկության, իսկ փաստի լավագույն ապացույցը՝ առավոտյան ժամերին միայն ուղղորդվող քվեարկությանը բնորոշ մեծ կուտակումներն էին տեղամասային կենտրոններում, ինչպես նաև՝ հատկապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկած քվեաթերթիկների մեջ, տարբեր անկյուններից ծալված քվեաթերթիկների բազմաքանակությունը։
5․ Ողջ ընտրարշավն ուղեկցվեց իշխող կուսակցության և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների առաջնորդների կողմից՝ միմյանց ուղղված հայհոյախոսություններով, սպառնալիքներով, «կոմպրոմատներով», հաշվեհարդարի ու բռնության կոչերով՝ ընտրական հանձնաժողովների և իրավապահ մարմինների լուռ հայացքի ներքո։ Երևույթ, որ տեղ չէր գտել նախորդ ընտրություններից և ոչ մեկում։
6․ Իշխանությունները ոչինչ չձեռնարկեցին նաև ընտրողների ուռճացված ցուցակները «մաքրելու» ուղղությամբ։ Տարբեր հաշվարկներով, ընտրացուցակներում շարունակում են ներառված լինել մոտ 800,000՝ վաղուց արդեն Հայաստանում չբնակվող անձինք։ Նշված հանգամանքը հաշվի առնելով, լուրջ մտահոգության և կասկածի տեղիք է տալիս ընտրությանը մասնակցության թիվը, որը նույնիսկ ավելին է, քան եղել է ԱԺ՝ 2018 թ․ ընտրություններում։ Կասկածն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ, հիմնվելով ԿԸՀ հրապարակած պաշտոնական տվյալների վրա, ստացվում է, թե շուրջ 300 բնակավայրերում քվեարկությանը մասնակցել է փաստացի բնակվողների 100 տոկոսը, իսկ ևս շուրջ 800 բնակավայրերում՝ 80-90 տոկոսը։
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, բոլոր տեղամասերի ձայների հաշվարկով, ստացել է քվեների 53.92%-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 21.04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23%։






