AM
26 Հունիս 2021 - 06:46 AMT

Մարության․ Համարեք սա ևս մեկ զգուշացում՝ ապօրինի կառույցները քանդվելու են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը զգուշացրել է այն քաղաքացիներին, որոնք հանրային շահի կոպիտ խախտմամբ ապօրինի շինություններ, այդ թվում՝ կրպակներ են կառուցել Երևանի տարածքում:

«Եվս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,-հայտարարել է նա։

«Տեղյակ եք, որ նախկինում շարունակաբար ապամոնտաժել ենք և հիմա էլ ինտենսիվ կերպով շարունակում ենք ապամոնտաժել ապօրինի կառույցները: Այդ աշխատանքների ընթացքում երբեմն ապօրինի կառուցապատում իրականացնողները կամ վերջիններիս ներկայացուցիչները մեր աշխատակիցներից ժամանակ են խնդրում՝ «իրենց ձեռքով» ապօրինի կառույցները քանդելու համար:

Սրա վերաբերյալ հայտնում եմ.

ա) ինքնակամ կառույցներ նախաձեռնողները ի սկզբանե պետք է տեղյակ լինեին, որ ապօրինություն են գործում, հետևաբար, ըստ էության, ինքնակամ կառույցներ իրականացնելու պահից սկսած՝ նրանք ժամանակ և հնարավորություն ունեին «իրենց ձեռքով» կանխելու կամ վերացնելու ապօրինությունը:

բ) ընդունեք այս հայտարարությունը որպես ևս մեկ զգուշացում: Սրանով ևս մեկ հնարավորություն ենք տալիս ձեզ՝ ժամ առաջ ապամոնտաժելու ապօրինի կառույցները: Երբ քաղաքապետարանից գան ձեր ապօրինի կառույցը քանդելու, այլևս ժամանակ չեք ունենալու»,-ասվում է քաղաքապետի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Երևանի քաղաքապետարանն իր գործողություններում հաստատակամ է՝ հետևողականորեն գնալու ենք հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից:

Հունիսի 22-ին ավագանու նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ապօրինի շինարարությանը Աջափնյակում, որտեղ գնալով ավելանում են ապօրինի կրպակները, հայտարարել էր, որ այդ վարչական շրջանում զինված ավազակախումբ է գործում։ «Մի մեծ բանդա է գործում՝ 40-50 հոգի։ Ոչ սթափ վիճակում, զինված, ուղղակի հարձակվել են մեր 7-8 աշխատակցի ու 3 ոստիկանի վրա։ Եթե այդ օրը մեր աշխատակիցները կանգ չառնեին, շատ հավանական էր, որ մարդասպանություն տեղի ունենար,»,-ասել էր Մարությանը՝ հավելելով, որ քաղաքապետարանն իր լիազորությունների սահմաններում իսկապես ամեն ինչ անում է։

Հայտարարությանը հաջորդեցին ապամոնտաժման ակտիվ աշխատանքները, որոնք ինտնեսիվ էին հատկապես Աջափնյակում։