Հունիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է անցկացրել դաշինքի թիմակից համայնքների ղեկավարների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հետընտրական իրավիճակը և առաջիկա աշխատանքները։
Քոչարյանը վստահություն է հայտնել, որ դաշինքի ներկայացուցիչները պետք է չտրվեն իշխանության կողմից իրականացվող ապօրինի ճնշումներին և պետք է շարունակեն իրենց բնականոն աշխատանքը՝ հանուն համայնքների բարեկեցության։
Քննարկման ժամանակ արծարծվել են նաև համայնքների ղեկավարներին ըստ անհրաժեշտության ցուցաբերվող իրավական և քաղաքական աջակցության հարցեր։ Նախագահ Քոչարյանը վստահեցրել է, որ տեղի ունեցող գործընթացը ստանալու է իրավա-քաղաքական հստակ գնահատական։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսպիսի հանդիպումները դարձնել պարբերական։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄԻՊ-ին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել Լոռու մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ։ Ըստ Գևորգյանի` Օձունի ղեկավարը հրաժարվել է կատարել մարզպետի պահանջը, որից հետո այն չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:Օձուն համայնքի ղեկավարը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասել է, որ քաղաքական պաշտոններին պետք է լինեն քաղաքական մարդիկ, որոնք ունեն այնպիսի քաղաքական հայացքներ, ինչպիսին կառավարող քաղաքական ուժինն է:






