ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ հերքում է հրապարակել՝ այս անգամ Տավուշի հատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու վերաբերյալ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։
Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ: ՀՀ ՊՆ-ն հերքել էր այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել, ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել։






