Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ, միավորվելով և գալով նախնական համաձայնության, մեքենաների թանկ համարանիշեր են գողացել և գումար շորթել դրանք վերադարձնելու դիմաց։
Վերոնշյալ անձինք, տեղեկացված լինելով, որ զույգ համարանիշերի կորստյան դեպքում սեփականատիրոջը նույն տվյալներով համարանիշ չի տրամադրվում, փոխարենը՝ համարանիշերի վերականգման համար սեփականատերերը պարտավոր են կրկին հաշվառման համարանիշի արժեքի չափով վճարում կատարել, որոշել են օգտվել այդ հանգամանքից և մշակել են շորթմամբ ուրիշի գույքի հափշտակության հանցավոր մեխանիզմ։
Մասնավորապես, խմբի անդամները գիշերային ժամերին հանել են սովորականից թանկ հաշվառման համարանիշերը, ավտոմեքենաների դիմապակիներին թողել «Տելեգրամ» հավելվածում գրանցված իրենց օգտանունները, իսկ համարանիշերը թաքցնել ավտոմեքենաների կայանման մոտակայքում գտնվող, այլ անձանց համար անտեսանելի թաքստոցներում:
Մեքենաների սեփականատերերի կողմից իրենց հետ կապ հաստատելու դեպքում թանկարժեք հաշվառման համարանիշերը վերադարձնելու դիմաց հանցավոր խմբի անդամները ներկայացրել են գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ, այն է՝ գումարներ փոխանցել կանխիկացման հնարավորությամբ կրիպտոարժութային դրամական միջոցների իրենց հաշվեհամարներին՝ սպառնալով չհամաձայնելու և գումար չփոխանցելու դեպքում ոչնչացնել այդ համարանիշերը:
Արդյունքում հիշյալ անձինք 2021-ի ապրիլից մինչև հունիս ապօրինի, գաղտնի տիրացել են Երևանում կայանված մի քանի տասնյակի հասնող մեքենաների՝ 250,000 դրամ և ավելի արժողությամբ զույգ համարանիշերին, որից հետո իրենց հետ կապ հաստատած քաղաքացիներին ստիպել են իրենց կողմից նշված կրիպտոարժութային հասցեից գնել կրիպտոարժույթ և փոխանցել իրենց թվային արժույթի դրամապանակներին, որից հետո կարճ հաղորդագրություններով սեփականատերերին տեղեկացրել են, թե որտեղ են թաքցրել համարանիշերը:
Հերթական հանցավոր մտադրությունն իրագործելու ընթացքում ԱԱԾ կողմից բացահայտվել են հանցավոր խմբի անդամների ինքնությունները, և նրանք բռնվել ու բերման են ենթարկվել:
Հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել է 2 անձ: Նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ:
Նշված անձինք ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
ԱԱԾ-ն հորդորում է նմանօրինակ հանցավոր սխեմայի արդյունքում տուժած լինելու դեպքում, նախքան հանցավորների հետ բանակցությունների մեջ մտնելը, այդ մասին անհապաղ հայտնել ՀՀ իրավապահ մարմիններին:
Միաժամանակ, տրանսպորտային միջոցների այն սեփականատերերին, ում հաշվառման համարանիշերը հափշտակելուց հետո ավտոմեքենաների դիմապակիներին թողնվել են «Տելեգրամ» համացանցային հավելվածում գրանցված «@RR407», LIMONA 001 և DUDI 001, CRIMINAL NIGHT, «Թութան Համոն» անվամբ էջերի տվյալները, առաջարկվում է այդ մասին հայտնել ԱԱԾ-ին՝ տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու և գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






