AM
30 Հունիս 2021 - 10:58 AMT

ՄԻՊ․ Հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը քրոնիկ են

Հոգեբուժական բուժման համաձայնությունը ձևական է և հոգեբուժական կազմակերպությունում մարդիկ զրկվում են ազատությունից` իրավունքների կոպիտ խախտումներով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ հոգեբուժարաններում մարդկանց ոչ հոժարակամ բուժման հարցերը քրոնիկ են դարձել։

Նշվում է նաև, որ դատարանների որոշումները ձևական ու մակերեսային են` առանց բավարար հիմքերի, տիպային (շաբլոնային) ձևակերպումներով են ու որևէ երաշխիք չեն մարդու համար:

Օրինակ՝ Արմաշի առողջության կենտրոն 2020թ․ այցը պարզել է, որ տնօրինությունը 19 անձի համար՝ երկու խմբով, միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ոչ հոժարակամ բուժում սկսելու նպատակով, որոնցից 7-ի վերաբերյալ դատարանի վճիռներ այցի պահին դեռևս առկա չեն եղել։

Նշվում է, որ հիվանդության պատմագրերում բացակայել են նաև հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժումից կամ ստացիոնարում պահվելուց հրաժարվելու մասին գրառումները:

«Ավելին, «Բժշկական հանձնաժողովային եզրակացության» մեջ թեև նշվում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձը «…վտանգ է ներկայացնում արտահիվանդանոցային պայմաններում…», կամ «իր հոգեվիճակով խիստ վտանգ է ներկայացնում իր և շրջապատի համար», այնուամենայնիվ՝ պատմագրերում վերոգրյալը հաստատող արձանագրություններ առկա չեն եղել:

Հիվանդության պատմագրերում միջնորդությանը նախորդող և հաջորդող գրառումները նկարագրված են եղել առանց պացիենտի մոտ հոգեկան վիճակի բացասական դինամիկայի, հիմնականում՝ կայուն, երբեմն նաև դրական դինամիկայով»,-ասվում է գրառման մեջ։

Ո՛չ միջնորդություններում, ո՛չ էլ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիվանդության պատմագրերում, որպես կանոն, առկա չի եղել հիվանդի՝ ստացիոնարից և բուժումից հրաժարվելու մասին գրառում:

«Նշված հանգամանքները լրջագույն մտահոգություն են ստեղծում ոչ հոժարակամ բուժման գործընթացի արհեստական և անհիմն լինելու վերաբերյալ: Հատկապես մտահոգիչ է այն, որ տարիներ ի վեր «հոժարակամ» բուժվող մի խումբ պացիենտներ անհասկանալի հանգամանքներում և միևնույն ժամանակահատվածում դարձել են «խիստ վտանգավոր իրենց և շրջապատի համար», ինչը սակայն որևէ կերպ չի հիմնավորվում վերջիններիս հիվանդության պատմագրերում բուժող բժիշկների կատարած գրառումներով:

Խիստ մտահոգիչ է, որ նման տիպային միջնորդությունները տարակուսանքի տեղիք չեն տվել նաև ոչ հոժարակամ բուժում սկսելու վերաբերյալ դատական ակտեր կայացրած դատավորների մոտ»,-ասվում է գրառման մեջ:

ՄԻՊ-ը շեշտել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար համայնքահեն ծառայությունների, դրանց բազմատեսակության և հասանելիության ապահովումը պետք է երաշխավորված լինի պետության կողմից:

Նշվում է նաև, որ նման ծառայությունների բացակայությունը չպետք է արդարացում հանդիսանա պետության համար հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ նրանց կամքին հակառակ շարունակաբար հոգեբուժական կազմակերպություններում պահելու, կամ ոչ հոժարակամ բուժման գործիքակազմի կիրառմամբ ճարահատյալ անձանց ազատությունից զրկելու համար:

Նմանատիպ խնդիրներ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման մեխանիզմ, արձանագրել է նաև հոգեբուժական այլ կազմակերպություններում:

Առավել մանրամասն հարցը ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, տարեկան գործունեության զեկույցում: