AM
1 Հուլիս 2021 - 10:22 AMT

Մովսես Հակոբյանը՝ մեղադրյալ պետգաղտնիքի հրապարակման գործով

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրգործով հիմնավորվել է, որ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետը (խոսքը 2018-ից մինչև պատերազմի ավարտն այդ պաշտոնը զբաղեցնող Մովսես Հակոբյանի մասին է, խմբ․), երկարամյա ծառայության բերումով իրավասություն ունենալով ծանոթանալու պետական գաղտնիք կազմող տեղեկություններին, 2020-ի նոյեմբերի 19-ին հրապարակային հարցազրույցներից մեկի ժամանակ հրապարակել է կառավարության որոշմամբ նախատեսված պետգաղտնիք հանդիսացող՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկարաժամկետ կանխատեսումների ուղղությունները, զարգացման ծրագրերը բացահայտող, ինչպես նաև զինված ուժերի, այլ զորքերի և քաղաքացիական պաշտպանության ուժերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման, տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող՝ ռազմական բնագավառի հույժ գաղտնի տեղեկություններ:

Հարուցված քրգործն առնչվում է ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի՝ 44-օրյա պատերազմից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում հնչեցված հայտարարություններին։ 2018-ին նա նշանակվել էր Ռազմական վերահսկողական ծառայության պետ, որից հեռացավ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո։ 2020-ի նոյեմբերի 19-ի ասուլիսում Հակոբյանն ասել է, որ բանակը պահեստազորայիններով համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ, գնվել է սխալ զինտեխնիկա, իշխանություններին մեղադրել սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանները փոխելու համար:

Գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում նախկին բարձրաստիճան զինվորականը ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործություն կատարելու համար ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց:

ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետական գաղտնիքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ հրապարակելու համար, իսկ նույն հոդվածի ծանրացուցիչ մասի համար որպես պատիժ է նախատեսված ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով:

2021-ի հունիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար: