Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի։
Նա այդ մասին ասել է՝ վարչապետի աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանին:
«Մենք ունենք քաղաքական ծրագիր և բովանդակություն, որը ձևակերպված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում: ՀՀ քաղաքացիներն այդ ծրագրի իրագործման համար տվել են քվե, տվել են մանդատ, տվել են կառավարություն և Ազգային ժողով ձևավորելու լիազորություն․․․Պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն մարդիկ, ովքեր հավատում են «Քաղաքացիական պայմանագիր» ծրագրին, ովքեր այդ ծրագիրը համարում են իրենց աշխատանքային ուղեցույցը, և սա կարևոր նախապայման է:
Ուզում եմ հիշեցնել, որ 2018-ի հեղափոխությունից հետո ես այս դահլիճում ասել եմ, որ յուրաքանչյուրը, այդ թվում պետական կառավարման համակարգում պետք է ստանա շանս, հնարավորություն՝ դիրքավորվելու այն նոր քաղաքական իրողությունների նկատմամբ, որոնք ձևակերպվել են կրկին ՀՀ քաղաքացիների կողմից՝ որպես սիրո և համերաշխության հեղափոխություն: Ես հիմա այդպիսի բան չեմ ասում և ասում եմ՝ այլևս որևէ մեկը չունի շանս և ժամանակ դիրքավորվելու համար, որովհետև դիրքավորվել է ՀՀ քաղաքացին, և պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ։
Նրանք, ովքեր չեն հավատում, չեն ընդունում, վերապահումներ ունեն, ինչը ժողովրդավարական հասարակությունում շատ նորմալ երևույթ է, և մենք դրան նույնպես նորմալ ենք վերաբերվում, հետևաբար, նրանք, ովքեր խնդիր ունեն այդ առումով, մենք նրանց պետք է հաջողություն մաղթենք իրենց հետագա գործունեության մեջ»,-ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ, նաև վերջին 3 տարվա փորձից ելնելով, կարևորագույն առաքելություններից լինելու են հանրային կառավարման ոլորտի, քաղաքացիական ծառայության համակարգի էական բարեփոխումները:
«Այս առումով, իհարկե, շատ կարևորում եմ աշխատակազմի և նրա ստորաբաժանումների դերը այդ առաքելությունն իրականացնելու համար: Մեր կառավարությանն ուղղված ամենամեծ քննադատություններից մեկը եղել է կառավարման որակը և արդյունավետությունը: Այդ քննադատությունը լեգիտիմ է, բայց ուզում եմ ասել, որ ընդհանրապես այնպես չէ, որ դա միայն մեր կառավարությանն է վերաբերում: Կառավարման արդյունավետությունը մեզ համար պետք է դառնա կարևորագույն առաջնահերթություն, և կառավարման որակն սկսվում է վարչապետի աշխատակազմից»,-ասել է Փաշինյանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արսեն Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և որ նրան այդ պաշտոնում կփոխարինի Արայիկ Հարությունյանը։ Թորոսյանը կշարունակի գործունեությունն Ազգային ժողովում։






