Հուլիսի 6-ից սկսած՝ օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը, տաք օդի հոսանքը կնահանջի
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, խոսելով հունիսի աննախադեպ շոգերի մասին, տեղեկացրել է, որ հուլիսին նույնպես շոգ է լինելու, ՀՀ ամբողջ տարածքում օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով:
Սուրենյանն ասել է, որ հուլիսի 3-4-ին սպասվում է հերթական տաք հոսանքի ներթափանցումը Իրաքի տարածքից, ջերմաստիճանը կտրուկ բարձրանալու է մոտ 4-5 աստիճանով, իսկ ամսի 4-ին կլինի բարձր ջերմային ֆոն՝ +40-41 աստիճան՝ Երևանում, Արարատյան դաշտավայրում և Սյունիքի հովտային գոտում, բայց դա կարճ կտևի, գրում է «Փաստինֆոն»։
Հուլիսի 6-ից սկսած՝ օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը, տաք օդի հոսանքը կնահանջի՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող սառը օդային հոսանքներին, օդի ջերմաստիճանը կնվազի: Հուլիսի 6-7-ը կգրանցվի ջերմաստիճանային անկում, +35-36 աստիճան է սպասվում:
Սուրենյանը նշել է, որ հուլիսին, ընդհանուր առմամբ, տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ Հանրապետության հովտային շրջաններում (Արարատյան դաշտավայրում և Երևանում) առանձին օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա և կհասնի +40-41 աստիճանի, բայց, ի տարբերություն հունիսի, կլինեն օրեր, երբ կունենանք նաև սառը հոսանքի ներթափանցում:
«Շոգերը ժամանակ առ ժամանակ կընդհատվեն սառը օդային հոսանքներով, որոնք Հանրապետության առանձին հատվածներում կառաջացնեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,-ասել է նա:
Տեղումների քանակը հուլիսին Հանրապետութունում կանխատեսվում է նորմայի սահմաններում:
Սուրենյանը տեղեկացրել է նաև, որ հունիսին ջերմաստիճանը գերազանցել է պատմական ռեկորդը՝ մինչև +41.2 է գրանցվել։






