Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, շնորհավորելով բոլորին հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով, իր ուղերձում նշել է, որ առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, դրանց սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը:
«2021-ի հուլիսի 5-ը դիմավորում ենք կատարելապես նոր պայմաններում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ոչ փոփոխելի 2-րդ հոդվածը լրումին հասած: Ըստ այդ հոդվածի՝ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով:
2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի ցույց դրեցին, որ տասնամյակների պայքարից հետո սահմանադրական այս դրույթը Հայաստանում հաստատված է անշրջելիորեն: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսօր տեսնում է, գիտի, որ ինքը որոշիչ ուժ է, այնպես, ինչպես նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ:
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ըստ այդմ, ցույց տվեցին, որ վերջին երեք տարիներին մեր սահմանադրական գիտակցության մեջ տեղի են ունեցել խորքային փոփոխություններ, և Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձան ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և ոչ թե ճգնաժամ հարուցելու միջոց: Սա սահմանադրական իրականություն ստեղծելու մեր առաքելությունը նոր թափով կյանքի կոչելու ամուր նախադրյալներ է ստեղծում»,-ասվում է ուղերձում:
Փաշինյանը նշել է, որ առաջիկա անելիքների առանցքը ձևակերպված է երկրի Սահմանադրության նախաբանում և առաջին հոդվածում: Նա հավելել է նաև, որ ՀՀ ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն լինելու նյութականացման շուրջ պիտի համախմբենք մեր ազգային լավագույն ներուժը, և այդ համախմբումը պիտի տեղի ունենա համաձայն ժողովրդի կամքի և ոչ թե ի հեճուկս նրա:
«Մեր առաջիկա անելիքների առաջնահերթությունների շարքում արտաքին, սահմանադրական անվտանգության օրակարգերն են, այդ օրակարգերը սպասարկելուն կոչված պետական ինստիտուտների բարեփոխումը և կայացումը: Այս օրակարգերի պատշաճ սպասարկումն է, որ պիտի ապահովի մարդու, մարդկային ներուժի զարգացման համար անհրաժեշտ իրավական, սոցիալական, կրթական, ենթակառուցվածքային պայմանների հասանելիությունը, և այս օրակարգի վրա պիտի աշխատենք օրնիբուն՝ մեր երկրի անվտանգությունն ու հզորությունը, մարդու և քաղաքացու ազատությունը, երջանկությունն ու բարեկեցությունը որպես նպատակ ունենալով:
Այս ընթացքում, ակնհայտորեն, չի հաջողվի խուսափել մեր երկրի կառավարման համակարգի շուրջ քննարկումներից, բայց այս կարևորագույն հարցում էլ պիտի առաջնորդվենք «կտրելուց առաջ յոթ անգամ չափելու» սկզբունքով:
Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, խոնարհվելով հանուն հայրենիքի, հանուն ինքնիշխան պետության իրենց կյանքը զոհած մեր բոլոր եղբայրների ու քույրերի հիշատակի առաջ՝ շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա՝ հուլիսի 5-ի առիթով»,-ասվում է շնորհավորական ուղերձում:
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991-ին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին։ Այդ օրն էլ նշվում է որպես պետական տոն։






