ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնատարները նոր կոչումներ են ստացել։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Արմեն Աբազյանը գեներալ-մայորի զինվորական կոչում է ստացել։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Վաղարշակի Աբազյանին շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,- ասված է նախագահի հրամանագրում։
Նախագահ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով ոստիկանապետի պաշտոնակատար Վահե Ղազարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը.
ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վահե Ղազարյանին շնորհել ոստիկանության գեներալ-մայորի կոչում», – ասվում է որոշման մեջ:






