AM
6 Հուլիս 2021 - 07:49 AMT

ԱԱԾ․ ԳԹԿ անդամը դիմորդի մորից $3000 կաշառք է պահանջել օտար լեզվի թեստերը նախապես ստանալու համար

ԱԱԾ-ն բացահայտվել է կրթության ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու հերթական դեպքը` ԳԹԿ անդամը դիմորդի մորից կաշառք է պահանջել օտար լեզվի թեստերը նախապես տրամադրելու համար։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ Լ.Ա-ն, հանդիսանալով 2021թ․ միասնական քննությունների «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակ, հիշյալ ՊՈԱԿ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի և դրա համաձայնագրերի հիման վրա պատասխանատու լինելով մշակել 2021-ին ԲՈՒՀ ընդունվելու համար «Օտար լեզու» առարկայի միասնական քննության թեստերը, պարտավոր լինելով պահպանել միասնական քննությունների թեստերի բովանդակության գաղտնիությունը, մասնակցել միասնական քննությունների հիմնական և լրացուցիչ փուլերի կազմակերպմանն ու անցկացմանը, 2021 թվականի միասնական քննությունների մասնակից Ա.Հ-ի օգտին իր լիազորությունների շրջանակում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն։

Նա «Օտար լեզու» առարկայի քննությունից առաջ իր կողմից մշակված թեստերը նախապես տրամադրելու, դրանց պատասխանները դիմորդին սովորեցնելու և արդյունքում նշված առարկայի քննությանը վերջինիս բարձր գնահատականն ապահովելու համար հունիսի 26-ին դիմորդի մորից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1,498,140 դրամին համարժեք 3000 դոլար կաշառք և նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի գումարը մինչև քննության օրը ստանալու վերաբերյալ:

Իրականացնելով իր հանցավոր դիտավորությունը՝ Լ.Ա-ն հուլիսի 1-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, այցելել է դիմորդի մոր՝ Երևանում գտնվող գրասենյակ և անձամբ ստացել 3000 դոլար կաշառքը, որից անմիջապես հետո բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է կաշառքի գումարը:

ԱԱԾ քննչական դեպատամենտում հարուցված քրգործի շրջանակում կաշառք տվողն ու ստացողը, ինչպես նաև կաշառքի գումարը տրամադրած անձը ձերբակալվել են:

Կաշառք ստացած պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ կաշառք տված և կաշառք տալուն օժանդակած անձինք խոստովանական ցուցմունքներ տալուց հետո ստորագրությամբ ազատ են արձակվել:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: