AM
6 Հուլիս 2021 - 09:23 AMT

ՄԻՊ․ Հաշմանդամության կարգավիճակի որոշումները մակերեսային են, իսկ բողոքարկման մեխանիզմները՝ անարդյունավետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հասցեագրվում են բողոքներ այն մասին, որ հաշմանդամության կարգավիճակ սահմանելու նպատակով նշանակված բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում չի իրականացվում անձի օբյեկտիվ զննություն, հաշվի չեն առնվում անձի կենսագործունեության իրական հնարավորությունները, չի իրականացվում իրական կարիքների գնահատում և փոխարենը որոշումները կայացվում են իրենց համար անհասկանալի, սուբյեկտիվ մոտեցումներով։

Այս խնդիրը տեղ է գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020-ի տարեկան հաղորդման մեջ։

«Օրինակ՝ դիմումներից մեկով բողոք ներկայացրած անձը հայտնել է, որ թեև անդամահատված է մեկ ձեռքի 3 և մյուսի 4 մատները, բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում նրա նկատմամբ սահմանվել է հաշմանդամության երրորդ խումբ այն հիմնավորմամբ, որ ձեռքերի կայուն ֆունկցիոնալությունը խախտված չէ։

Մինչդեռ, բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հնարավորություն չեն տվել կոնկրետ դեպքով հաշվի առնել, որ բողոք ներկայացրած անձը զբաղվել է շինարարական աշխատանքներով, տվյալ պահին չի ունեցել անհրաժեշտ հմտություններ՝ իր կյանքի որակը բարելավելու և ինքնուրույն կենսագործունեություն ապահովելու համար: Ընդ որում, փորձաքննության արդյունքում խորհրդատվությունը, այն է՝ հմտանալու մեկ այլ ոլորտում, ըստ էության, էական նշանակություն չի ունեցել, քանի որ չեն կատարվել անհրաժեշտ ուղղորդումներ, համապատասխան վերականգնողական ծրագրի իրականացման հնարավորություններ չեն առաջարկվել:

Ավելին, համայնքահեն ծառայությունների սղության պատճառով դրանք առհասարակ բացակայել են։ Արդյունքում, անձը զրկվել է ոչ միայն ստեղծված իրավիճակում կենսակերպն ինքնուրույն ապահովելու հնարավորությունից, այլև առաջացած խնդիրների լուծման հարցում բախվել է աջակցող հնարավորությունների և ծառայությունների բացակայությանը»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Հաշմանդամության կարգավիճակի սահմանման կամ հաշմանդամության խմբի փոփոխման հետ կապված խնդիրներն էլ ավելի են խորանում հանձնաժողովների որոշումների բողոքարկման մեխանիզմների անարդյունավետության պատճառով:

Նշվում է, որ քաղաքացիների համոզմունքն այն է, որ միևնույն է՝ բողոքարկման դեպքում ուշադրություն չի դարձվելու իրենց բացատրություններին: Հիմք են ընդունվելու միայն փաստաթղթային ֆորմալ ձևակերպումները, իսկ բողոք քննող մարմինն էլ անտեսելու է իրենց փաստարկները։ Այլ կերպ՝ որոշումների բողոքարկման ընթացակարգերն ընկալվում են՝ որպես ձևական բնույթի քաշքշուկներ առաջացնող պրոցեսներ, այլ ոչ թե իրավունքների պաշտպանության լրացուցիչ հնարավորություններ:

Նշվում է նաև, որ խնդրահարույց է մնում բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների որոշումների բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ իրազեկումը, քանի որ որպես կանոն, մարդիկ ուշադրություն են դարձնում միայն եզրակացությանը, իսկ պետության կողմից բավարար քայլեր չեն ձեռնարկվում այս ընթացակարգերն առավել վստահելի և արդյունավետ դարձնելու համար։

«Մարդիկ գրեթե իրազեկված չեն սեփական բժիշկ-ներկայացուցչին փորձաքննության մասնակից դարձնելու հնարավորության մասին, հատկապես, եթե նրանց նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացվում է առաջին անգամ», – ասված է ՄԻՊ հաղորդագրությունում։