AM
6 Հուլիս 2021 - 10:50 AMT

Մարուքյանը դիմել է Փաշինյանին՝ վերականգնելու մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները

«Լուսավոր Հաաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նշվում է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում 2019թ. կատարվող փոփոխությունների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կառավարությանը ներկայացրել էր կառավարության այլընտրանքային կառուցվածք, որտեղ պահպանվում էին գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները՝ հաշվի առնելով մի շարք կարևոր հանգամանքներ։

«Սակայն առաջարկները չընդունվեցին. երկու տարուց ավելի է, ինչ այլևս չեն գործում գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև մշակույթի նախարարությունը՝ առանձին տեսքով։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ ոլորտներում առանձին կայացած գերատեսչության բացակայությունը հանգեցնում է բազմաթիվ խնդիրների լճացման։

Գյուղատնտեսության նախարարության կլանումը էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակում էր գյուղատնտեսության նախարարության փաստացի կրճատում, ինչով նաև ստորադասվեց գյուղատնտեսության դերը մեր երկրում, որտեղ այն մշտապես ունեցել է և ունի չափազանց մեծ նշանակություն և բավականին զգալի կշիռ ՀՆԱ-ի մեջ։ Ընդ որում՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լիազորություններն այժմ էլ հնարավոր է վերապահել գյուղատնտեսության նախարարությանը»,-ասվում է դիմումի մեջ։

Նշվում է նաև, որ մշակույթի նախարարությունը չպետք է որևէ վարչության կամ այլ կարգավիճակով, փաստացի կրճատվելով, ներառվեր որևէ այլ նախարարության կազմում, քանի որ մեզ անհրաժեշտ է ունենալ ուժեղ մշակույթի նախարարություն, որն ունակ է համակարգել մշակությային պատերազմների մեջ գտնվող մեր պետության խնդիրները։

«Տեղին է նաև հիշատակել, որ հայ ինքնության համար մշակութային կյանքի առանձնահատկությունները բոլոր ժամանակներում եղել են ազգի պահպանման հիմնասյուներից մեկը։ Միաժամանակ, մշակութային աղավաղումների դեմ անհրաժեշտ է ունենալ մշակութային հայեցակարգը կրող ամուր կառույց»,- ասված է նամակում։

2019-ին պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատվեց պետական կառավարման համակարգի մարմինների թիվը, մասնավորապես՝ Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը միացվեց Կրթության և գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության:

Գյուղատնտեսության նախարարությունը միացվեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Էկոնոմիկայի նախարարություն։