Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում խուզարկություն է իրականացվում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը։
Նա տեղեկացրել է նաև, որ խուզարկություն է սկսվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Հուլիսի 7-ին բերման էր ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ նրան բերման էին ենթարկել վկայի կարգավիճակով, սակայն քննիչը փորձել է կասկածանքի շուրջ հարցաքննել։ Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալուց և ազատ է արձակվել ՀՔԾ-ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Առուշանյանը ՀՔԾ էր բերվել Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ քրեական գործով։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Քարահունջի վարչական ղեկավար Լ.Ա.-ն ձերբակալվել է ընտրակաշառքի գործով։ Քրգործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լ.Ա.-ն, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակչի 2021-ի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100,000-220,000 դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ հունիսի 8-ին Գորիսում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:






