Քաղաքացիները ոստիկանության պարեկային ծառայության արդյունքում պետք է իրավակարգի, կարգուկանոնի նոր որակ տեսնեն Երևանի փողոցներում։ Այդ մասին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է պարեկային նոր ծառայության ծառայողների ծառայության դուրս գալուց առաջ շարային ստուգատեսի ժամանակ։
Փաշինյանը ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ վաղ առավոտյան այցելել է Երևանի պարեկային ծառայության գունդ:
Դիմելով ներկաներին՝ Փաշինյանը շնորհավորել է բոլորին Պարեկային ոստիկանության ծառայության մեկնարկի առթիվ:
«Սա մեր կառավարության կարևորագույն բարեփոխումներից մեկն է, որը տեղավորվում է ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ: Բայց իրականում մենք սա պետք է ավելի լայն համատեքստում դիտարկենք՝ իրավակարգի, պետություն-քաղաքացի, ոստիկան-քաղաքացի հարաբերությունների, բարեփոխումների տրամաբանության մեջ:
․․․Այսօր Ոստիկանությունը ներկայանում է նոր կերպարով, տեխնիկական նոր հագեցվածությամբ, մասնագիտական նոր հմտություններով, և սրա արդյունքը պետք է լինի նոր որակի իրավակարգը Հայաստանում, տվյալ դեպքում Երևանում, որովհետև Պարեկային ոստիկանության ծառայությունը սկսում է մայրաքաղաք Երևանից:
ՀՀ ժողովուրդը կառավարությանը տվել է իրավունքի և օրենքի դիկտատուրա հաստատելու մանդատ, բայց մենք պետք է արձանագրենք, որ իրավակարգը, օրենքի և իրավունքի դիկտատուրան հաստատվում է ոչ միայն պատիժներով, ոչ միայն սանկցիաներով, այլև քաղաքացիներին ուղղորդելով, աջակցելով, օգնելով, որպեսզի նրանք տեղավորվեն և ճիշտ գործեն տվյալ իրավիճակում, օրենքի և իրավունքի տրամաբանության մեջ: Մյուս կողմից, քաղաքացին պետք է տեսնի, որ իրավունքը և օրենքն իրեն օգնության եկող, աջակցող և ոչ թե իր համար խոչընդոտներ հարուցող երևույթ է»,-ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ առաջին օրերին ի հայտ կգան թերություններ, որոնք հընթացս կշտկվեն, բայց շատ կարևոր է, որ պարեկային ծառայության, ոստիկանության անձնակազմի մեծ մասը մարդիկ են, ովքեր նախկինում ոստիկանությունում չեն աշխատել և բավականին շոշափելի հատվածը մարդիկ, ովքեր երկար տարիներ ոստիկանությունում ծառայության փորձ ունեն:
Այնուհետև Փաշինյանը Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացել է Պարեկային ծառայության նոր ավտոմեքենաների հագեցվածությանը, որոնք համալրված են տեխնիկական ու հատուկ ժամանակակից միջոցներով:
Երևանում առաջին անգամ ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։ Շուտով կհետևի Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայության սովորողների ընդունելության հայտարարությունը։






