Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ` չնայած դրա դեմ պայքարին ուղղված քայլերը վերջին տարիներին դրական տեղաշարժ են արձանագրել։ Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
«Ուսումնասիրությունները վկայում են, որ խնդրի պատճառները խորքային ու տարբեր են․․․Առկա են դեպքեր, երբ իգական սեռի երեխա ունենալու դեպքում կնոջ համար ընտանիքում կարող են առաջ գալ խնդիրներ՝ նրան հաճախ մեղադրելով տղա երեխա չունենալու համար: Քննադատական այս մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ կանայք ևս ձգտեն տղա ունենալ՝ ղեկավարվելով «ընտանիքում շահեկան դիրք ունենալու» պատկերացումներով»,-ասվում է գրառման մեջ:
Նշվում է նաև, որ երբեմն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման որոշումը կանայք ինքնուրույն չեն կայացնում. նրանք այդ քայլին կարող են դիմել ընտանիքի անդամների ճնշումների, նույնիսկ՝ հարկադրանքի ներքո:
ՀՀ-ում կանանց և տղամարդկանց սեռերի հարաբերակցության շեղումը սկսել է նկատվել դեռևս 1991-ից, իսկ 2000-ին այն հասել է մինչև 120 տղա – 100 աղջիկ հարաբերակցության այն դեպքում, երբ նորման կազմում է 102-103 տղա – 100 աղջիկ հարաբերակցությունը:
Վիճակագրական տվյալները վկայում են խնդրի առկայության մասին, որը հատկապես ընդգծվում է երրորդ երեխայի դեպքում:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2020թ․ ՀՀ ժողովրդագրական տվյալների՝ սեռերի հարաբերակցության գործակիցն, ըստ ծննդի կարգի՝ առաջին երեխայի դեպքում 1.04 է, երկրորդի դեպքում՝ 0.07, երրորդի երեխայի դեպքում՝ 1.27, չորրորդ երեխայի դեպքում՝ 1.26:
Նշվում է, որ դրական տեղաշարժ կա հատկապես երկրորդ երեխայի պարագայում, առաջին երեխայի դեպքում ցուցանիշը մնացել է անփոփոխ, հաջորդ երեխաների դեպքում հարաբերակցության գործակիցները նախորդ տարվա համեմատությամբ դրական զարգացում են ունեցել, 1.40 կամ 1.32 գործակցից նվազելով 1.27 և 1.26-ի, սակայն խնդիրն այդ պարագայում ևս շարունակում է մնալ առկախված՝ պահանջելով լրացուցիչ ջանքեր:
«Չնայած աշխատանքների իրականացմանը՝ խնդիրը համակարգային առումով դեռևս լուծված չէ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խնդիրը կարող է լատենտային բնույթ ստանալ։
Մասնագետները նշում են, որ արդեն հնարավոր է պտղի սեռը որոշել առավել վաղ ժամկետներում՝ հաշվի առնելով բժշկական տեխնոլոգիաների զարգացումը: Ստացվում է, որ օրենսդրական կարգավորումներով սեռով պայմանավորված 12-ից մինչև 22 շաբաթական հղիության արհեստական ընդհատման արգելքի սահմանմամբ չեն կարող սահմանափակվել խնդրի լուծմանն ուղղված քայլերը: Խնդրի դեմ պայքարի նպատակով համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն՝ ուղղված խորքային պատճառների վերացմանը»,-ասվում է հայտարարության մեջ:
ԱՆ տվյալներով՝ 2008-2012-ին ծնվածների մեջ աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100-115, 2014թ․` 100-113,4, 2015 թ․` 100-112,7, 2016 թվականին` 100-111,9, 2017 թ․` 100-109.8, 2018 թ․` 100-111, 2019 թ․` 100-110, իսկ 2020 թվականին` 9 ամսում` 100-111,3:






