Քաշաթաղից տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում էին լուծել իրենց բնակարանային խնդիրը։
«Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ազատ Եղոյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ պատերազմից անցել է 8 ամիս և Քաշաթաղի բնակիչներն այժմ տարբեր վայրերում են բնակվում, այդ թվում նաև ոչ բարենպաստ պայմաններում, և այժմ նրանք կառավարությունից պահանջում են, որ բնակիչների բնակարանների հարցը լուծվի, գրում է «Փաստինֆոն»։
«Մեր բնակչության 90 տոկոսը ՀՀ տարբեր մարզերից և բնակավայրերից է տեղափոխվել Քաշաթաղի շրջան, հետևաբար չենք խնդրում, որ մեզ Երևանում բնակարանով ապահովեն, այլ որոշակի հնարավորություն ստեղծեն, և մարդիկ կարողանան ընտանիքներով գոյատևել»,-ասել է Եղոյանը։
Վերջինս նշել է, որ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ հանձնաժողով ստեղծվել է, իրենց ներկայացուցիչներն էլ մասնակցել են, աշխատանք իրականացվում է, սակայն նրանց չի բավարարում աշխատանքի տեմպերը։
«Ձգձգվում են աշխատանքները։ Մեզ արդեն պետք է կառավարության որոշում։ Չենք ակնկալում, որ մեկ օրում բոլորի հարցերը կլուծվեն, կարող է տևել 1-2 տարի, ուղղակի ուզում ենք, որ մեր վիճակի որոշակիություն լինի, որ մարդիկ իմանան 6 ամսից կամ մեկ տարուց կունենան իրենց բնակարանները»,-նշել է Ազատ Եղոյանը։
Քաշաթաղիցները համաձայն են բոլոր տարբերակներին, միայն թե կարողանան ծածկ ունենալ։
Հարցին՝ արդյոք իրենց պահանջն է ապրել հենց ՀՀ-ում, Ազատ Եղոյանը նկատեց՝ եթե Քաշաթաղը վերականգնեն, իրենք պատրաստ են իրենց քանդած տները նորից վերականգնել։ «Եթե հին անվտանգության համակարգը վերականգնվի, պատրաստ ենք հենց այսօր վերադառնալ Քաշաթաղ՝ քանդած տները նորից վերականգնելու»,-ասել է նա։
Քաշաթաղի շրջանը կապող օղակ էր հանդիսանում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև։ Ներկայում շրջանի տարածքի մեծ մասը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո։






