Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը։ Փարամազյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով, տեղեկացնում է Aysor.am-ը։
Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախություն), 311-րդ հոդվածի 4-րդ մասով (Կաշառք ստանալ) և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը):
«Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է», – ասել է նրա փաստաբան Լուսինե Սահակյանը։
Հուլիսի 8-ին՝ ժամը 11.15-ին, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամուզյանը Քաջարան քաղաքից բերման էր ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ:
Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել էր, որ Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին՝ ժամը 01.24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը:






