AM
13 Հուլիս 2021 - 08:39 AMT

Հուլիսի 5-11-ը Սևանի մակարդակն իջել է 2 սմ-ով

Սևանա լճի մակարդակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել 1900.76 մ (11.07.21թ.), որը 2020թ․ նույն ժամանակաշրջանի մակարդակից ցածր է 4 սմ-ով, իսկ 2021-ի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այդ մաիսն տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 20.012 մլն մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 107.007 մլն մ³:

Արփա-Սևան ջրատարով հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.255 մլն մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հուլիսի 11-ը ներառյալ՝ 128.011 մլն մ³:

ՀՀ-ում վերջին ամիսներին սակավաջրություն է գրանցվում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով սակավաջրության խնդրին, հայտարարել է, որ 2021-ին Հայաստանի գետերի ջրատվությունը 80%-ով նվազել է։ Նա ասել է, որ սա բերել է նրան, որ առկա ջրային ռեսուրսը հիմնականում սպառվում է, և դրան գումարվել է նաև էներգետիկ խնդիրը։