AM
14 July 2021 - 12:41 AMT

ԿԳՄՍՆ․ Ֆիրդուսի հուշարձան-շենքերը պահպանվելու են, կցակառույցները պետք է հեռացնել

Երևանի Ֆիրդուսի թաղամասի հուշարձան-շենքերը պահպանվելու են՝ դրանք 12-ն են, ասվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարության մեջ։

11-ը հուշարձանի կարգավիճակ են ստացել ՀՀ կառավարության 2004 թ. «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ, իսկ մեկը 2020-ին է ստացել այդ կարգավիճակը։ Այդ շենքը Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքն է, որի քանդման հնարավորությունը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում:

Վերոնշյալ բոլոր շինությունները հուշարձանի կարգավիճակ են ստացել իրենց ամբողջական տեսքով։ Համաձայն օրենքի՝ հուշարձանների քանդումն արգելվում է, ուստի Երևանի 33-րդ թաղամասի տարածքում գտնվող հուշարձան-շենքերը ևս պահպանվելու են, իսկ ցանկացած միջամտության համար անհրաժեշտ է սահմանված կարգով լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացնել դրանց ամրակայման, նորոգման, վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը։

Միաժամանակ ուսումնասիրություններով բացահայտվել է, որ հուշարձանների տարբեր հատվածներում կան կցակառույցներ, որոնք անհատների կողմից տարբեր տարիների ընթացքում ավելացվել են ապօրինի՝ խախտելով պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օրենքի դրույթները։ Դրանք չեն համաձայնեցվել լիազոր մարմնի հետ և կառուցվել են ինքնակամ՝ մեծ վնաս հասցնելով հուշարձանների պատմական ու գեղարվեստական տեսքին։

ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ ավելի ուշ շրջանում կառուցված կցակառույցներն անհրաժեշտ է հեռացնել՝ հուշարձաններին վերադարձնելով իրենց նախկին տեսքը։ Այս համատեքստում Տիգրան Մեծ փողոցի հուշարձանների ներքին բակերի հատվածների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցապատող ընկերությունների հետ, որպեսզի դրանք վերականգնվեն նախնական տեսքով:

«Վերը նշված հուշարձաններից՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքը միակն է, որը գտնվում է կառուցապատման անմիջական գոտում։ 2021 թ․ հունիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել է նշյալ հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և համատեղման հայեցակարգը։ Խորհրդի մասնագետների կողմից հնչեցվել են տարբեր կարծիքներ, դիտողություններ և առաջարկություններ, ինչի արդյունքում ձայների մեծամասնությամբ հավանություն է տրվել ներկայացված հայեցակարգին։ Համաձայն պատվիրատուի ներկայացրած տեխնիկական վիճակի մասին եզրակացության՝ նշյալ հուշարձան-շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում, իսկ վնասվածությունը գնահատվում է 4-րդ աստիճանի»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Հանրապետության 46 հուշարձան-շենքի ամրակայման, նորոգման, վերականգնման և համատեղման գիտանախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ էսքիզային նախագիծը, համաձայն սահմանված կարգի, անհրաժեշտ է ներկայացնել լիազոր մարմնի համաձայնեցմանը, ինչի մասին պատվիրատուն տեղեկացված է:

Նշվում է նաև, որ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումը պարբերաբար կատարում է այցելություններ նշյալ թաղամաս՝ հուշարձան-շենքերի վիճակի մշտադիտարկման, առաջացած խնդիրները տեղում քննարկելու և կառուցապատողներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։

Հուլիսի 12-ին Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի մի խումբ անդամներ բողոքի ցույցի են դուրս եկել Հանրապետության 46 հասցեի հուշարձան-շենքի ապամոնտաժման դեմ։ Շենքն ընդգրկված է 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի կառուցապատման ծրագրի մեջ։ Ցուցարարները հավաքվել էին այդ հասցեում՝ նշելով, թե անկախ այն բանից, որ պահպանվելու է ֆասադը, շենքի ապամոնտաժումն անթույլատրելի է։

Շենքի կառուցապատողը «Կաէռ Մայնինգ» ընկերությունն է: ՍՊԸ-ի ներկայացուցիչը՝ Արման Մկրտչյանը, որը եկել էր հանդիպելու բողոքի ցույցի մասնակիցներին, ասել է, որ քաղաքապետարանն արդեն տրամադրել է Ճարտարապետա-շինարարական առաջադրանքը, ինչի հիման վրա ընկերությունը փորձում է սկսել տարածքի քանդման աշխատանքները։ Նա հավելել է, որ ցանկապատելու են տարածքը: