AM
15 July 2021 - 09:03 AMT

Լաքոթ․ ԼՂ խնդիրը կարգավորված չէ՝ դա հնարավոր կլինի միայն ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ և դա հնարավոր կլինի միայն ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո:

Դեսպանը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են տեղի ունեցող գործընթացներին և ֆրանսիական կողմը շարունակելու է հետևողական ջանքերը՝ ի նպաստ կայունության, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության և բանակցությունների վերականգնման:

Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում անկայունություն հրահրելու համար, ինչի վկայությունն են այնտեղից ամենաբարձր մակարդակով հնչող շարունակական ագրեսիվ հռետորաբանությամբ հայտարարությունները: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է տեղի ունեցող գործողություններին միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքը և անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:

Լաքոթն իր ցավակցություններն է հայտնել Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակված կրակից հայ զինծառայողի մահվան կապակցությամբ և անթույլատրելի համարել նման գործողություններն ու հրադադարի ռեժիմի խախտումները:

Փաշինյանը, շնորհավորելով դեսպանին Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ, նշել է, որ ՀՀ և Ֆրանսիայի հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա:

«Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը մեր երկիր, ինչը կնպաստի հայ-ֆրանսիական բազմակողմանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և տարածաշրջանում կայունության ամրապնդման գործում:

Լաքոթը, շնորհավորելով Փաշինյանին հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ, հավելել է, որ ակտիվ աշխատանքեր են տարվում Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարելիք այցի կազմակերպման ուղղությամբ, ինչը կարող է մեծ ազդակ հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը, տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը:

Դեսպանն ընդգծել է, որ ֆրանսիական կողմը շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, կրթության և այլ ոլորտներում: