AM
16 Հուլիս 2021 - 10:45 AMT

Գորիսի քաղաքապետը կալանավորվել է ԱԺ արտահերթին ընդառաջ կաշառք բաժանելու մեղադրանքով

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշել է կալանավորել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին։

Վերջինիս փաստաբանը հայտարարել է, որ Գորիսի համայնքապետը կալանավորվել է 2 ամսով, հայտնում է Aysor.am-ը։

Նա ասել է, որ բողոքարկելու են որոշումը Վերաքննիչում։

Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։

Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: