Հուլիսի լույս 20-ի ամբողջ գիշեր կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ, տեղեկացնում է «Հրապարակը»։
Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հաստատել է լուրը՝ նշելով, որ կրակոցներ եղել են, բայց, բարեբախտաբար, վիրավորներ չկան։
Նշվում է՝ հարցին, թե ինչ զինատեսակներից են եղել կրակոցները, համայնքի ղեկավարը պատասխանել է, որ «հրաձգային զենքեր են օգտագործվել, գնդացիր, ավտոմատ, ինքնաձիգ և այլն»։
Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:
Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։ ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու: