AM
23 Հուլիս 2021 - 13:05 AMT

Երթևեկելու ընթացքում պայթել է մեքենայի գազի գլանանոթը. Վարորդը տեղում մահացել է

Հուլիսի 22-ին՝ ժամը 15:15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնին ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի մաքսատան մոտ մեքենայի գազի բալոն է պայթել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում Վանաձորի 35-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենց E-350» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշեն բնակավայրից դեպի Վրաստանի սահման երթևեկելու ընթացքում պայթել է գազի գլանանոթը, որի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, զննության ընթացքում վերցվել են դեպքի վայրին՝ Վանաձոր- Վրաստանի Հանրապետության սահման միջպետական ավտոճանապարհի հարակից առևտրի սրահների տեսանկարահանող սարքավորումների դեպքին վերաբերող տեսանկարահանումների պատճենները, կատարվել է դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է: