AM
27 Հուլիս 2021 - 07:39 AMT

Մարության. Կտրականապես դեմ եմ, որ աշխատավարձս բարձրանա

Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի քաղաքապետարանի մոտ 2000 աշխատակցի աշխատավարձի ավելացման հարցը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով՝ կտրականապես դեմ է, որ իր աշխատավարձը բարձրանա:

Նա նշել է, որ չի մասնակցի քվեարկությանը, իսկ եթե նման որոշում կայացվի, ավելացած գումարը կուղղվի բարեգործության։

«Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Բայց օրենքը պահաջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը:

Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։

Ուստի, ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415,000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»,-ասվում է Մարությանի գրառման մեջ: