Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։
Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 07։00-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների հետևանքով երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ժամը 07։30-ի դրությամբ հայկական կողմն ունի երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են։
Ըստ ՊՆ-ի` հակառակորդը, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։
Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։






