AM
29 Հուլիս 2021 - 10:40 AMT

Բողոքի ցույց կառավարության մոտ Քիմիայի ինստիտուտի տարածքում շինարարության դեմ

Ազատության պողոտայի սկզբնամասում գտնվողԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները բողոքի ցույցի էին դուրս եկել կառավարության շենքի մոտ՝ «Չկա գիտություն, չկա ապագա» կարգախոսով։

Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհություն են հայտել Քիմիական ինստիտուտի տարածքում բնակելի շենք կառուցելու որոշման դեմ, գրում է «Փաստինֆոն»։

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պետք չէ ինստիտուտի տարածքում կառուցել բնակելի շենք՝ հետո էլ կվերացնեն ինստիտուտը և կկառուցեն տարբեր բնակելի շենքեր։ Ինստիտուտի աշխատակիցները մտահոգություն են հայտնում, որ ինստիտուտում կան թանկարժեք սարքեր, որոնք զգայունություն ունեն, որոնց համար վտանգավոր է ցանկացած շինարարական աշխատանք։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտնել է, որ դեռևս 2017թ անօրինական կերպով օտարվել է ինստիտուտի տարածքում գտնվող ջրավազանի տարածքը, որտեղ և այժմ ցանկանում են բնակելի շենք կառուցել։ Ակցիայի մասնակիցները մտահոգված են՝ բազմակողմանի չի քննվել, թե ինչ ռիսկերի է ենթարկվելու ինստիտուտը նման որոշումից հետո։

Ինստիտուտի աշխատակիցները գտնում են, որ Գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքը պարզապես անհամատեղելի են՝ մի շարք պատճառներից ելնելով։ Այդ մասին ասվում է նրանց հայտարարության մեջ։

Մասնավորապես՝

• 30 մետր շառավղով գործող քիմիական լաբորատորիաների անմիջապես հարևանությամբ շենք կառուցելն օրենքով արգելվում է։

• Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1,000,000 ԱՄՆ դոլար, շատ զգայուն են և ցանկացած ցնցումից կարող են վնասվել և այլևս չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600,000 եվրո արժողությամբ գերժամանակակից միջուկա-մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սարքը, տարածաշրջանում նմանատիպ միակ հատուկ սարքն է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները և կենսաբանները ևս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված:

• Չնայած ինստիտուտը գիտահետազոտական է և արտանետումները արտադրական մասշտաբների չեն, սակայն բոլոր մասնաշենքերում իրականացվող հետազոտությունների ժամանակ լինում են արտանետումներ՝ թե՛ հոտավետ, թե՛ թունավոր նյութերի։ Քանի որ կառուցվող բնակելի շենքը գտնվելու է անմիջապես ինստիտուտի հարևանությամբ, բնակիչները, ամենայն հավանականությամբ, ինստիտուտի դեմ բազմաթիվ բողոքներ են ներկայացնելու։ Հարց է առաջանում՝ այդ ժամանակ կենտրո՞նն է փակվելու, թե՞ նորակառույց շենքն են քանդելու։

Նշվում է նաև, որ 2007թ.-ին ապօրինի կերպով ինստիտուտը զրկվել է ջրավազանն օգտագործելու հնարավորությունից։ Սեփականատերը բետոնապատել է ջրավազանի ջրի մուտքն ու ելքը՝ զգալիորեն նվազեցնելով ինստիտուտի անվտանգության մակարդակը։ Կառուցապատողները, բացի բարձրահարկ շենքից, նախատեսում են կառուցել գետնանցումներով ներքին ավտոկայանատեղի՝ շինաշխատանքներն անմիջապես վտանգելու են կենտրոնի մասնաշենքերի տակ գտնվող քիմիական պահեստները։

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում բնակելի շենքի կառուցումը ԿԳՄՍ դաշտից դուրս է, գրում է «Փաստինֆոն»։

«Հարցը, որից իրենք դժգոհում են՝ շենքը կկառուցվի, չի կառուցվի՝ էլիտար, թե ոչ էլիտար, ԿԳՄՍ դաշտից դուրս է, իսկ ինստիտուտի բուն գործառույթը մեր աշխատանքն է»,- նշել է Դումանյանը։

Հուլիսի 21-ին Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել, որի ընթացքում քննարկվել են էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի կողմից ուղեկցվող ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված խնդիրները: Նիստի ժամանակ առհասարակ քննարկման չի դրվել այն հարցը, որ կառուցապատումը նախատեսվում է իրականացնել քիմիական գիտահետազոտական կենտրոնի տարածքում։