AM
2 Օգոստոս 2021 - 08:16 AMT

Դանակահարել են Երևանի ավագանու անդամին և նրա հորը․ Հիվանդանոցում են

Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզում դիմակավորված, դանակով զինված հարձակման արդյունքում դանակահարվել է Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, ինչպես նաև նրա 87-ամյա հայրը՝ Ազատ Անտոնյանը։ Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Հարձակումը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 01։10-ի սահմաններում: 2 դիմակավոր անձ բաց դռնից մուտք է գործել Նոր Հաճն քաղաքի Նոր-Արտամետի փողոցներից մեկի սեփական տուն, հավանաբար՝ փորձել են թալանել այն, սակայն դիմադրության են արժանացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքից որոշ ժամանակ անց ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա, օտար մարմին, սառը զենք, տրավմատիկ պնևմոթորաքս», ախտորոշմամբ իրենց մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն են տեղափոխել մի քաղաքացու, իսկ որոշ ժամանակ անց «գանգի շրջանի բաց վերք, աջ ստորին կոպի հեմատոմա» ախտորոշմամբ նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Նոր Հաճն քաղաքի Նոր-Արտամետի 4-րդ փողոցի նրբանցքներից մեկի շենքերի բնակիչներ 42-ամյա Արման Անտոնյանը և 87-ամյա Ազատ Անտոնյանը։