AM
2 Օգոստոս 2021 - 08:25 AMT

«Հայաստանն» ԱԺ-ում պահանջել է ազատել կալանավորված իր 2 անդամին

Օգոստոսի 2-ին մեկնարկել է 8-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ «Հայաստան» խմբակցության անդամները, որոնք խորհրդարան են եկել Սյունիքի՝ կալանավորված քաղաքապետերի լուսանկարներով շապիկներով, պահանջել են ազատ արձակել կալանավորված 2 անդամին՝ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։

Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանն ընտրվել են ԱԺ պատգամավոր։

«Հայաստան» խմբակցության անդամները կոչ են արել նախագահողին ապահովել դաշինքի կալանավորված անդամների ներկայությունն ԱԺ դահլիճում։ Նիստը վարող ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը հակադարձել է՝ ասելով, թե դա իր իրավասության շրջանակում չէ, իրավաբանների ու արդարադատության գործն է։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանն ասել է, որ Ազգային ժողովը չի կարող ազդել արդարադատության համակարգի վրա։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր հերթեին հայտարարել է․ «Մեր գործընկերները ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են։ Եթե կա ինչ-որ մեկը, որ կարող է ասել, թե պատգամավորին կարող են կալանավորել առանց ԱԺ համաձայնության, թող իրավաբանությունից չխոսի»։

ԱԺ նիստում ընդմիջում է հայտարարվել։

Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ԱԺ-ում երեք խմբակցություն կլինի՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան», «Պատիվ ունեմ»։ ՔՊ-ն ունի 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7։