«Հայաստան» խմբակցությունը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մինչև այժմ հատկացված պարգևավճարների մասով նախաձեռնելու է իրավական վիճարկման գործընթաց։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ մոտ ապագայում կհանդիպեն ՍԴ-ում։
«Սա ոչ միայն հակաօրինական է, հակատնտեսական է, հակակարգապահական, այլ նաև նպատակ ունի ձևախեղելու պարգևավճար հասկացությունը։ Մարդկանց պարզապես գումարներ են հատկացվում՝ առանց անձի աշխատանքի արտադրողականության գնահատման»,-ասել է Մինասյանը՝ հավելելով, որ միայն անունը փոխելով, այս պրակտիկան շարունակել չի ստացվի։
ԱԽ փոխխոսնակի թեկնածու Ռուբեն Ռուբինյանը, պատասխանելով պարգևավճարների մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին, ասել է, որ 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները վերջին անգամ պարգևավճար ստացել են 2020-ի փետրվարին։






