AM
6 Օգոստոս 2021 - 10:43 AMT

ՔՊ-ական պատգամավորը չի բացառում՝ Տավուշում կարող են տարածքներ փոխանակվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանն ասել է, որ Տավուշում «կան ադրբեջանական գյուղեր», որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Նա չի բացառել, որ նշված գյուղերը կարող են փոխանակվել։ Նրա խոսքով` կա խնդիր, որը պետք է լուծել։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի հետ ունեցած պայմանագրի շրջանակում ռուսական զորքերի տեղակայման հարցին` պատգամավորը նշել է, որ պարտավորությունների շրջանակում ինչ-որ պահից ՀԱՊԿ-ը պետք է սկսի միջամտությունը, եթե մեր տարածքների հետ կապված խնդիրներ կան, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է՝ այս պահին Տավուշում որևէ խնդիր չկա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ ռուսական զորքեր տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ՝ Ղալումյանն ասել է՝ եթե խաղաղության պետք է հասնել այդ ճանապարհով, ուրեմն պետք է դա անել։

«Սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ պետք է հանձնաժողով ստեղծվի, ուսումնասիրեն, որ սահմանում առկա խոչընդոտները հարթվեն, որպեսզի գնանք երկարատև խաղաղության»,- ասել է պատգամավորը։

Նա հավելել է, որ տեղյակ չէ, թե Տավուշում, Ոսկեպարի ուղղությամբ ռուս սահմանապահներ են տեղակայվել։ Նա նշել է, որ բավականին լարված աշխատանքային գործընթացի մեջ են, ժամանակը չի բավականացրել, 6-ից հետո է գնալու մարզ, տեղում կհասկանա։

Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում տեղակայվել են ռուս սահմանապահներ: Այդ մասին հայտարարել է Պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով Ոսկեպարում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող լուրերին։

Նշվում է նաև, որ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։