AM
7 Օգոստոս 2021 - 10:07 AMT

ՊԵԿ․ ԱՄՆ-ից ուղարկված փոստային առաքանուց մոտ 24 գ «մեթամֆետամին» թմրամիջոց են գտել

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները «ՀայՓոստ» ՓԲԸ փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած մաքսային հսկողության արդյունքում համատեղ հայտնաբերել են ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից 24 գրամից ավելի ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված։

Այն թաքցված է եղել առաքանու մեջ գտնվող սպորտային բաճկոնի գրպանում:

Նշված դեպքով ձեռնարկվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես, «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Երևանի «ՀայՓոստ» ՓԲ ընկերության սպասարկման կենտրոններից մեկում «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո բռնվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն բերման է ենթարկվել առաքանին ստացող ԱՄՆ քաղաքացի Կ.Գ-ն:

Վերջինս, ՊԵԿ Քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: