Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգին անցնելուց առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Արման Անտոնյանի վրա հարձակմանը, հայտարարել է, որ ակնկալում է խստագույն պատիժ՝ նման կերպով իրենց անձնական գործերն առաջ տանող անձանց նկատմամբ։
Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում, ժամը 01։00-ի շրջանում 2 դիմակավորված անձինք բաց դռնից մուտք են գործել բնակարան, դանակով հարվածներ հասցրել Արման Անտոնյանին, ձեռքերով են հարվածել են նրա պապին՝ Ազատ Անտոնյանին։
«Արդեն պարզ է, որ այս հարձակումը տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով և նպատակ է ունեցել ինչ-ինչ հարցեր լուծել իրենց սեփական շահի համար: Այնինչ ավագանու անդամն իր գործունեության ընթացքում, այն առաջարկները, որ արել է, արել է ի շահ համայնքի: Ոուզում եմ ասել նման մարդկանց, ովքեր փորձելու են նման կերպով գործել, որ ոչ մի բանի չեն հասնելու», – ասել է քաղաքապետը։
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին ծեծի է ենթարկել Սուրեն Պ-ն, որը «Հայաստան» մարզական ՀԿ Երևանի հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված դպրոցի պարետն է, և իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել Արման Անտոնյանին և Ազատ Անտոնյանին: 29.07.2021 նիստին Արման Անտոնյանը ներկայացրել էր Երևանի հեծանվասպորտի մարզադպրոցի հիմնադրման նախագիծը, ըստ որի՝ Երևանը պիտի ունենա հեծանվասպորտի ևս մեկ մարզադպրոց՝ արդեն համայնքապատկան:
Սուրեն Պ.-ին մեղադրանք է առաջադրվել և հետախուզում հայտարարվել։






