Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասի այցը ՀՀ նրա հետ հանդիպմանը, հայտարարել է, որ անհրաժեշտ է՝ ինչպես հարկն է կիրառել այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն ՀԱՊԿ-ում:
«Մենք բարձր ենք գնահատում մեր անդամությունը ՀԱՊԿ-ում: ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տարրերից մեկն է, որը պատասխանատվության լայն գոտի ունի: Ցավոք, բավականին շատ վայրերում լարվածությունը մեծանում է: Եվ նաև այդ պատճառով մենք շատ լրջորեն պատրաստվում ենք ՀԱՊԿ-ում մեր նախագահությանը:
․․․Կարծում եմ, որ կազմակերպությունն ի հայտ եկած խնդիրները քաղաքական մեթոդներով լուծելու շատ մեծ հնարավորություններ ունի: Անհրաժեշտ է, որպեսզի կազմակերպությունը և մենք որոշակի վճռականություն դրսևորենք այդ հարցերի նկատմամբ: Իհարկե, կոնկրետ իրավիճակներում նախատեսված են նաև գործողության շատ կոնկրետ մեխանիզմներ»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ արդեն 2-3 ամիս է Հայաստանի սահմաններում ճգնաժամային իրավիճակ է, որը կոնկրետ սպառնալիք է պարունակում ՀՀ անվտանգության համար, Ադրբեջանի զինված ուժերն արդեն մի քանի ամիս անօրինականորեն գտնվում են ՀՀ տարածքում:
«Այս իրավիճակում մեզ համար կարևոր է գտնել գոյություն ունեցող հարցերի քաղաքական լուծումը: Անհրաժեշտ է՝ ինչպես հարկն է կիրառել այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն ՀԱՊԿ-ում:
Մյուս կողմից՝ ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային օրակարգի իմաստով կառուցողական է: ՀՀ-ն հավատարիմ է այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ֆիքսված են նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններում: Մեզ համար շատ կարևոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ և գալ կոնկրետ լուծումների՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի, իսկապես, սկսենք Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը: Իհարկե, դրա համար պետք է կոնկրետ պայմաններ ստեղծել: Հույս ունեմ և համոզված եմ, որ իրոք կան հնարավորություններ, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակը, որն ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին՝ Սոթք-Խոզնավար հատվածում, լուծվի քաղաքական մեթոդներով: Ակնկալում եմ, որ ՀԱՊԿ շրջանակներում մեզ կհաջողվի կոնկրետ լուծումների հանգել, մասնավորապես՝ իրավիճակի մոնիտորինգի հետ կապված»,-ասել է նա։
Ստանիսլավ Զասն իր հերթին անդրադարձել է այն խնդիրներին, որոնց բախվել է ՀԱՊԿ-ը վերջին շրջանում՝ մասնավորապես նկարագրելով իրավիճակը Տաջիկստան-Աֆղանստան ուղղությամբ, տաջիկա-ղրղզական սահմանին, Բելառուսում։
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին՝ Զասն ասել է, որ եղել է սահմանին, այցելել մոտոհրաձգային գունդ, վերջինիս ստորաբաժանումներ:
«Եթե անկեղծ, ես տեսնում եմ, որ այժմ սահման չկա, դա փաստացի զինված բախումների շփման գիծ է, դիմակայության գիծ, և պարբերաբար այնտեղ բռնկվում են բախումներ, փոխհրաձգություններ: Իհարկե, այդպես չպետք է լինի: Պետք է ամեն ինչ անել, յուրաքանչյուրն իր առաջնագծով՝ այդ իրավիճակը, ճգնաժամը հաղթահարելու համար:
Գիտեմ, որ այժմ Ձեզ մոտ մշակվում է կառավարության գործունեության ծրագիր, չեմ փորձում խորհուրդներ տալ, բայց կարծում եմ՝ դա պետք է լինի կառավարության առաջնային, գլոբալ խնդիրներից մեկը՝ հաղթահարելու այդ ճգնաժամը՝ սահմանին անվտանգության ապահովման համար, որպեսզի հնարավորություն տանք մեր երեխաներին ապրել անվտանգության մեջ, այդ սահմանից ներս, այլ ոչ թե ռազմական բախումների սահմանագծում: Վստահ եմ, որ ունենալով նման կոփվածություն և փորձ՝ Դուք դա կլուծեք դիվանագաիատական-քաղաքական ճանապարհով: Բավական են զոհերը, բավական են պատերազմները, պետք է ամեն ինչ անել՝ խնդիրները խաղաղ լուծելու համար: Վստահ եմ՝ կհաջողվի: Բավական երկար այս թեման քննարկել ենք՝ և մայիսին՝ արտգործնախարարների մակարդակով, և կա ընդհանուր ըմբռնում, որ պետք է անել ամեն ինչ, որպեսզի կողմերը նստեն բանակցությունների սեղանին և լուծեն խնդիրը»,- ասել է նա։
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը խաղաղ բանակցությունների միջոցով հանգուցալուծելու հնարավորություններին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին, ինչպես նաև կազմակերպության կատարելագործմանն ու արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
Օգոստոսի 10-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի և մի շարք սպաների ուղեկցությամբ, այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, մասնավորապես, եղել է Երասխի հատվածում տեղակայված մարտական հենակետում, ծանոթացել սահմանային իրավիճակին։ Ստանիսլավ Զասին ներկայացվել են ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից իրականացված՝ նախորդ մի քանի շաբաթների հրադադարի խախտումների դեպքերը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետևել է հենակետում իրականացվող մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ։