ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: «Հայաստան» խմբակցությունն իրեն հասանելիք այդ պաշտոնը զիջել է «Պատիվ ունեմ»-ին։
Դոնթի բանաձևով այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնն անցնում էր «Հայաստան» խմբակցությանը, բայց խմբակցության կողմից առաջադրվել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ներկայացրել է Թովմասյանի կենսագրությունը։ Վերջինս էլ իր ելույթում նշել է, որ խորհրդարանը պետք է առանձնահատուկ դերակատարում ունենա մարդու իրավունքների պաշտպանության հարցում։
«Մենք պետք է հետևողականորեն ծառայեցնենք հանձնաժողովի լիազորությունները պատերազմի արդյունքում մեր հայրենակիցների խախտված իրավունքները վերականգնելու համար: Պետք է բարձրաձայնենք, որ Ադրբեջանը խախտում է բոլոր կոնվենցիաները և հրաժարվում է վերադարձնել մեր հայրենակիցներին։ Հանձնաժողովի ուշադրության կենտրում պետք է լինի նաև սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքցու կյանքի,սեփականության, ազատ տեղաշարժի իրավունք»,-ասել է Թովմասյանը։
7-րդ գումարման Ազգային ժողովում Թովմասյանը եղել է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամ:






