Ազգությամբ հայ կանադական երգչուհի Իզաբել Բայրաքդարյանը ելույթ կունենա Օհայոյում կայանալիք Art Song փառատոնին, որի ժամանակ Սերժ Քրաջյանի նվագակցությամբ կկատարի Շուբերտի, Բելլինիի, Բերլիոզի, Ռավելի ստեղծագործությունները:
Առաջիկա համերգին Իզաբելը պատրաստվում է կատարել նաեւ Կոմիտասի կողմից մշակված հայկական ժողովրդական երգեր: «Փառատոնին ես կկատարեմ իմ նախնիների երգերը, որոնք նրանք երգել են իրենց օջախներում: Թեեւ ես ծնվել եմ Լիբանանուն, իմ ծնողները ջանացել են պահպանել հայ լեզուն ու մշակույթն ընտանիքում»,- ասել է երգչուհին:
Իզաբել Բայրաքդարյանը վաղ մանկությունից երգել է Լիբանանի հայկական եկեղեցական երգչախմբում եւ ծնողների հետ Կանադա տեղափոխվելուց հետո շարունակել է ելույթ ունենալ Տորոնտոյի հայկական եկեղեցական երգչախմբում: Միաժամանակ ուսանելով օպերային երգն ու բիոինժեներիան` որպես հիմնական մասնագիտություն` Իզաբելն ընտրեց երգը եւ չսխալվեց: Ուսման ավարտից քիչ առաջ նրա երգեցողությունը Ռավինիայի փառատոնին լսեցին Չիկագոյի Lyric Opera-ի ղեկավարները, եւ արդյունքում երգչուհին հրավիրվեց մասնակցելու Ուիլյամ Բոլկոմի «A View From The Bridge» օպերային: