Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը: Այդ մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 179. 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) արարք կատարելու մեջ, Մենուա Հովսեփյանը նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով արարք կատարելու մեջ (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)», – ասել է Թադևոսյանը։
Փոխքաղաքապետերի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չի տրամադրվել։
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավորված է։ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա մի շարք պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։






