Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի փորձ չեն անում առաջ շարժվելու՝ նրանց նպատակը միայն լարվածություն առաջացնելն է, առաջխաղացման փորձ չեն անում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը՝ խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Մակարյանը վստահեցրել է, որ այժմ սահմանին հարաբերական անդորր է, սակայն ցանկացած պահի պետք է պատրաստ լինել թշնամու գործունեությունը ճնշելուն։
«Քանի մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածությունը միշտ էլ լինելու է։ Մեր խնդիրն է, որ ցանկացած ժամանակ լինենք պատրաստ ու ճնշենք նրանց բոլոր մեթոդներով»,– ասել է նա։
Մակարյանը չի մեկնաբանել ռուս սահմանապահների տեղակայման, ինչպես նաև ռուսական զենքի մատակարարման մասին տեղեկությունները `պատճառաբանելով, որ մանրամասներին տեղյակ չէ:
Խոսելով պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի կոշտ հայտարարությունների մասին ՝ Մակարյանը նշել է, որ դրանք պետք է հասկանալ բառի ուղիղ իմաստով:
«Ընդունեք պաշտպանության նախարարի խոսքերը բուն իմաստով։ Մեր ազգի կերպարը պետք է լինի` ձախ ձեռքին Աստվածաշունչը, աջ ձեռքին՝ ավտոմատ «Կալաշնիկովը»։ Մենք ամբողջ կյանքում պիտի կռվենք ու ապրենք»,– ասել է նա։
Ավելի վաղ Արշակ Կարապետյանը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանի զինված ուժերը փորձեն անցնել հայկական տարածք, ապա նա կհրամայի բոլոր միջոցները կիրառել նրանց ճնշելու համար:
Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը:
Գեղարքունիքի հատվածում ծավալված ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող, 2002թ. ծնված, շարքային Արման Հովհաննեսի Հակոբյանը: