Հայաստանում երեխաների շրջանում կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում։
Նա նշել է, որ 0–18 տարեկանների խմբում, այսինքն երեխաների շրջանում, կա կորոնավիրուսով վարակվածության 1.5–2.8% աճ:
Հայաստանում 1053 անձի մոտ երկու անգամ լաբորատոր հետազոտության արդյունքում արձանագրվել է կոնորավիրուսի դրական արդյունք, այլ կերպ ասած` քովիդի կրկնավարակ, նշում է ԶԼՄ-ն։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են պատվաստում վարակը հաղթահարածները՝ Աբովյանն ասել է. «Բոլոր պատվաստանյութերը, որոնք առկա են ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, նպատակ ունեն կանխել ծանր դեպքերը և նվազեցնել մահերը: Այսինքն` պատվաստված անձն ապահովագրված չէ, որ կարող է չվարակվել կորոնավիրուսային հիվանդությամբ: Միանշանակ հնարավոր են կրկնավարկի դեպքեր, այս վիրուսը շատ արագ մուտացվում է, ի հայտ է բերում նոր շտամներ: Բոլոր պատվաստանյութերը բոլոր շտամների դեպքում արդյունավետ են»:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերահսկվելու, որ պատվաստումը հաստատող փաստաթուղթը կոռուպցիոն սխեմայով ձեռք չբերվի՝ Ռոմելլա Աբովյանը հիշեցրել է, որ բավականին լուրջ գործիքակազմ կա, որը պետք է որ նվազեցնի այն կեղծելու հավանականությունը: Նա նշել է նաև, որ դրա համար քրեական պատասխանատվություն է նախատեսված:
Օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4713-ը` մահվան ելքով: