AM
21 Օգոստոս 2021 - 08:31 AMT

Փոխնախարար․ Նոր ուստարին առկա ձևաչափով կսկսվի

Նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Տավուշի մարզում, որտեղից մեկնարկել են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները։

«Հանրակրթության ոլորտն ընդգրկում է շուրջ կես միլիոն շահառու, և եթե այստեղ կանոնները չպահպանվեն՝ ընդհանուր վիճակի վրա ազդեցությունն ակնհայտ կլինի»,- ասել է փոխնախարարը:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար:

Անդրադառնալով ուսումնական պլաններին՝ փոխնախարարն ասել է, որ դրանք արդեն հաստատված են որոշակի փոփոխություններով: Ուսումնական պլանի ամբողջական փոփոխությունները կկատարվեն չափորոշիչների ներդրումից հետո:

Օգոստոսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 249 դեպք, որոնցից 224 019-ն` առողջացած, 4737-ը` մահվան ելքով: