AM
21 Օգոստոս 2021 - 09:51 AMT

Գրիգորյան․ Վարչապետը որոշեց՝ գնամ ԱԳՆ, իսկ երբ նախարարի մասով վերջնական որոշում եղավ՝ վերադարձա ԱԽ

ԱԽ քարտուղարի պաշտոնը կրկին զբաղեցրած Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով իր վերջին նշանակումներին, ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան ԱԳ նախարարի առաջին տեղակալ էր նշանակել ԱԳՆ-ում մայիսի 31-ից ստեղծված ճգնաժամը մեղմելու նպատակով։

«Որոշակի կայունություն մտցնելու համար վարչապետը որոշեց, որ ես գնամ ԱԳ նախարարի առաջին տեղակալ, ինչպես նաև կատարեմ նախարարի պարտականություններ, մինչև ԱԳ նախարարի մասով վերջնական որոշում կկայացնելը։ Երբ վարչապետը վերջնական որոշում կայացրեց, ես վերադարձա Անվտանգության խորհուրդ»,-ասել է Գրիգորյանը։

Նա հիշեցրել է, որ ԱԳՆ-ում ճգնաժամային իրավիճակ էր առաջացել նախարարի և տեղակալների հրաժարականից հետո, իսկ ԱԳ նոր նախարարի նշանակումը ուշանում էր, քանի որ հունիսի 20-ի ընտրություններից հետո խորհրդարանական ընդդիմությունը դիմել էր ՍԴ։

Գրիգորյանը ԱԳ նախարարի առաջին տեղակալ էր նշանակվել հուլիսի 14-ին։ Օգոստոսի 19-ին նա ազատվել է պաշտոնից և կրկին նշանակվել իր նախկին՝ ԱԽ քարտուղարի պաշտոնում։

ԱԳ նախարար է նշանակվել 7-րդ գումարման ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։