AM
23 Օգոստոս 2021 - 09:01 AMT

Փաստաբան․ Չարչյանը կրկին կկալանավորվի

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կրկին կկալանավորվի։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Ալեքսանյան ասել է, որ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է։ Նրա փոխանցմամբ՝ Չարչյանը մեկ ամիս է, ինչ ազատության մեջ էր գտնվում, ոչ մի ազդեցության փորձ անգամ չի կատարել, նա այլևս «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն չէ, այսինքն՝ իր կարգավիճակից ելնելով էլ որևէ մեկի նկատմամբ չէր կարող ազդեցություն ունենալ։ Բացի այդ, ըստ փաստաբանի, Չարչյանի դեմ որևէ մեկը մեղադրական բնույթի ցուցմունք չի տվել, որ տրամաբանություն լիներ ցանկալի ցուցմունքներ կորզելու նպատակով ազդեցություն գործադրելու։

Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես, քաղվածքը ստանալուց հետո Չարչյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։

Արմեն Չարչյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին՝ համացանցում իր ու աշխատակիցների հանդիպման աուդիոձայնագրության հայտնվելուց հետո։ Ըստ քրեական գործի նյութերի, նա հարկադրում էր աշխատողներին պարտադիր կերպով մասնակցել ԱԺ ընտրություններին: Նա մեղադրանքը չի ընդունել, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։