AM
25 August 2021 - 10:02 AMT

Փոխնախարար․ Դասարանում 20-ից ավելի աշակերտով դպրոցներում ուսումն օրումեջ կլինի

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նոր ուսումնական տարվան ընդառաջ հայտարարել է, որ եթե դասարաններում աշակերտների թիվը 20-ից ավելի է, ուսուցումը կիրականացվի օրումեջ:

Նրա խոսքով, սակայն, այն դպրոցները, որոնք կապացուցեն, որ կարողանում են հավուր պատշաճի պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, դիմում կներկայացնեն նախարարություն և համապատասխան ստուգումներից հետո կկարողանան անցում կատարել աշխատանքային ամենօրյա ռեժիմի, գրում է Aysor.am-ը։

Անդրադառնալով առաջին դասարանցիների խնդրին` փոխնախարարն ասել է, որ նրանք դպրոց կգնան օգոստոսի 31-ին։ Փոխնախարարը տեղեկացրել է նաև, որ հանրապետությունում մոտ 37,000 առաջին դասարանցի կա։

Վերջում Անդրեասյանը նշել է, որ դպրոցներն իրենք են որոշելու՝ 5-օրյա, թե 6-օրյա ռեժիմով աշխատել։

Ավելի վաղ Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ Նոր ուսումնական տարին սկսվելու է առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները կանոնների պահպանումն առավել դյուրին դարձնելու և ուսումնական հաստատությունների միջոցները խնայողաբար օգտագործելու համար: