AM
25 August 2021 - 11:12 AMT

ԱԺ-ում անվտանգությունը հրմշտել է լրագրողներին, դուրս բերել իրենց հատկցված վայրից

Ազգային ժողովի նիստը, որտեղ շարունակվում են պատգամավորների ելույթները կառավարության 5-ամյա ծրագրի վերաբերյալ, անցնում է լարված մթնոլորտում՝ խորհրդարանականները միմյանց վրա շշեր են նետել, հնչել են հայհոյանքներ, եղել է բռնություն։

Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցները հրմշտել են նիստը լուսաբանող լրագրողներին, քանի որ վերջիններս իրենց հատկացված վայրից նկարահանում էին ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցող միջադեպերը։

Լրագրողներին դուրս են բերել նրանց համար նախատեսված օթյակից։

«Մի քաշի, չհրես»,– ասում էին լրագրողները։

ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը, խոսելով բանակի խնդիրների մասին, ասել է՝ ում օրոք եղել են բանակից փողով կամ զանգով ազատվելու դեպքեր, հայրենիքի դավաճան է: Դահլիճից արձագանքել է ՊՆ նախկին ղեկավար Սեյրան Օհանյանը։ Սարգսյանն ամբիոնից ասել է՝ «քեզ հետ ով ա, արա»։ Դրանից հետո նրա ուղղությամբ շիշ են նետել, ապա՝ պատգամավորները սկսել են շշեր նետել իրար վրա։ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցներին հրավիրել է դահլիճ և ընդմիջում հայտարարել:

Դրան հաջորդել է մեկ այլ միջադեպ, որի ընթացքում պատգամավորները հայհոյել են միմյանց, հարվածներ հասցրել։ Նիստը կրկին ընդմիջվել է։