Պաշտպանության նախարարությունը, անդրադառանալով Եռաբլուրում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Նարեկ Գևորգյանի շիրմաքարի ապամոնտաժմանը, պարզաբանել է, որ հերոսի ծնողին բազմիցս հորդորել են դամբարանատիպ շիրիմ չկառուցել։ Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը։
Օգոստոսի 31-ին 44-օրյա պատերազմի մասնակից Նարեկ Գևորգյանի հարազատները բողոքի ցույց էին անցկացնում կառավոարության շենքի մոտ՝ բողոքելով Նարեկի շիրմաքարի քանդման դեմ։
Ավետիսյանը նշել է, որ ընդունված են ընդհանուր չափորոշիչներ և այդ շիրմաքարը հարկավոր էր համապատասխանեցնել դրանց։
«Ծնողին բազմիցս հորդորել ենք, փոխանցել ենք հարևանությամբ հուղարկավորված զինծառայողների ծնողների խնդրանքները, ներկայացվել են ՊՆ սահմանած չափորոշիչները։ Սակայն զինծառայողի հայրը՝ Ռոման Գևորգյանը, չանսալով մեր խնդրանքներին, շարունակել է դամբարանատիպ շիրիմ կառուցել 2 մեծ սյուներով, որի հետևանքով կողքի շիրիմները ստվերվել են, իսկ հետևի հատվածի շիրիմներն ընդհանրապես չեն երևում»,-ասել է ՊՆ ներկայացուցիչը:
Քանի որ զոհված զինծառայողի հայրը չի լսել հորդորները, ՊՆ-ն որոշում է կայացրել համապատասխանեցնել շիրմաքարն ընդունված չափորոշիչներին։
Օգոստոսի 31-ի բողոքի ակցիայի ժամանակ զոհված զինծառայողի հայր Ռոման Գևորգյանն ասել էր․ «Իմ երեխան ձեր երեխանա, ձեր երեխու շիրիմը պղծել են ու դա վարչապետի հրամանով։ Պետք է պատասխան տա այն հրաման տվողը, որ Եռաբլուրում այսօր հերոսների գերեզման է քանդում։ Ես մտել եմ, տեսել եմ երեխուս գերեզմանի քարերը չկան, քանդել են, նկարը գետնին ընկած ա, սրբապղծություն է»։






